Մայիսի 28-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, ի թիվս այլոց, «Անանիա Շիրակացի» մեդալով պարգեւատրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին ու էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանին: NEWS.am-ը այս առթիվ մի քանի հարց է ուղղել ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին:
Պրն Շաբոյան, շնորհավորում ենք Ձեզ պարգեւատրման կապակցությամբ: Ըստ ձեզ՝ հատկապես ո՞ր ձեռքբերումների համար է այն շնորհվել:
Հանրապետության նախագահի կողմից նման պարգեւ ինձ շնորհվում է առաջին անգամ, ինչը մեծ պատիվ է ինձ համար, բայց միաժամանակ՝ շատ պարտավորեցնող է: Գիտեք, որ «Անանիա Շիրակացի» մեդալով պարգեւատրվում են տնտեսության, ճարտարագիտության, ինչպես նաեւ գիտության եւ տեխնիկայի բնագավառներում ունեցած ակնառու գործունեության համար: Իմ պարագայում, կարծում եմ, նման պարգեւի շնորհումը լավագույն գնահատականն է մեր երկրի տնտեսական ոլորտում հատկապես վերջին տարիներին, նկատի ունեմ տնտեսական մրցակցության հանձնաժողովը նախագահելու տարիներին, ունեցած ձեռքբերումներում իմ համեստ ավանդի համար: Խորհրդանշական եմ համարում նաև այն, որ պարգեւը շնորհվել է մեզ համար, մեր պետության համար անչափ կարեւոր այս տոնական օրը, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս` մեր պետականության կերտման ճանապարհին տարած եւս մեկ փառավոր հաղթանակի օրվա կապակցությամբ:
Սակայն օրեր առաջ Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ընդդիմադիրները, անդրադառնալով տնտեսական մրցակցությանը, նշում էին, որ բավարար պայքար չի տարվում մենաշնորհների դեմ: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր հանձնաժողովի գործունեությունն այս առումով:
Նախ ուզում եմ հատուկ ընդգծել, որ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ներկայումս գործող ՀՀ օրենքը մեծ չափով հիմնված է եվրոպական լավագույն փորձի վրա, ըստ որի՝ մրցակցային մարմիննները պայքարում են ոչ թե, ինչպես դուք եք նշում, մենաշնորհների, այլ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների չարաշահումների դեմ: Մեր հանձնաժողովի գործունեությունը թափանցիկ է, հրապարակային եւ կարծում եմ՝ մրցակցային դաշտի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները տեսանելի են բոլորին: Իհարկե, չլուծված խնդիրները շատ են, սակայն դրանք բոլորն էլ գտնվում են Հանձնաժողովի դիտակետում եւ մեր լիազորությունների եւ իրավասությունների շրջանակում անում ենք ամեն բան` ըստ առաջնահերթության այդ խնդիրներին լուծում տալու համար:
Գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումից հետո տրամաբանական ու սպասելի է, որ կթանկանան նաեւ տեղական արտադրության շատ այլ ապրանքներ եւ ծառայություններ: Ձեր ղեկավարած Հանձնաժողովը ի՞նչ միջոցներ է ձեռնարկում կամ ձեռնարկելու հնարավոր չարաշահումները կանխարգելելու համար:
Արդեն իսկ թեժ գծի միջոցով ստանում ենք ահազանգեր այս կամ ապրանքային շուկայում թանկացումների հետ կապված, ինչը սպառողները կապում են գազի հնարավոր թանկացման հետ: Ըստ օրենսդրության՝ Հանձնաժողովը իրավասու է վերահսկողություն իրականացնել միայն այն շուկաներում, որտեղ կան գերիշխող տնտեսվարողներ: Սակայն լայն սպառման եւ սոցիալական նշանակության կարեւոր ապրանքային շուկաները եւս գտնվում են Հանձնաժողովի տեսադաշտում՝ սկսած ապրանքի արտադրությունից կամ ներկրումից մինչեւ իրացում վերահսկում ենք` հնարավոր չարաշահումները բացահայտելու եւ կանխարգելելու նպատակով: Մեր մոնիթորինգի արդյունքներով վերջին շաբաթվա ընթացքում գերիշխող տնտեսվարողների մոտ գնային էական փոփոխություններ չկան: Չնայած դրան, իհարկե, բոլոր խոշոր տնտեսվարողները կզգուշացվեն, որպեսզի զերծ մնան անտեղի չարաշահումներից եւ տնտեսապես չհիմնավորված գնային փոփոխություններից, հակառակ դեպքում, իհարկե, Հանձնաժողովը համապատասխան պատասխանատվության միջոցներ կկիրառի վերջինների հանդեպ:




























