Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը հայտարարել են Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի ստեղծման մասին: Խորհրդի ստեղծման պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 28-ի ուշ երեկոյան՝ ընդդիմադիր ուժերի խորհրդակցությունից հետո, որին մասնակցել են «Բաց հասարակություն» (Սուլհադին Աքփեր), Լիբերալ կուսակցության (Ավեզ Թեմիրխան), Ժողովրդական ճակատ (Ալի Քերիմլի), Դասական ժողովրդական ճակատ (Բեյբալա Աբիլ), EL շարժման (Էլդար Նամազով) եւ «Մուսավաթ» կուսակցությունների ներկայացուցիչները:
Turan-ին Էլդար Նամազովը հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի (ԴՈՒԱԽ) հիմնադիր փաստաթղթերը: Խորհրդակցության ավարտին համաձայնեցվել է ԴՈՒԱԽ-ի հիմնադիր հռչակագրի տեքստը եւ դրա կազմը: Խորհրդում ընդգրկվել են 100-ից ավելի քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ եւ մտավորականներ:
Ազգային խորհրդի կազմը եւ ստեղծման հռչակագիրը կհրապարակվեն առաջիկայում, գրում է contact.az-ը:




























