Տպագիր թերթերի խմբագիրների տարածած հայտարարությունը տվել է բավականին դրական արդյունքներ։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը։

Նա նշեց, որ շատ կայքեր, որոնք ոչ բարեխիղճ էին գտնվում մամուլի տեսություններ ներկայացնելիս, այժմ կատարում են պատշաճ հղումներ, գրում են, որ շարունակությունը կարդալ թերթի այսօրվա համարում, «կարծում եմ՝ կհարթվի իրավիճակը»։

Նա նաեւ տեղեկացրեց, որ արդեն շրջանառության մեջ է դրվել  «Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագիծը, որում նշվում է թերթերից եւ կայքերից նյութեր օգտագործելու կանոնները, մասնավորապես՝ պարտադիր պետք է լինի ակտիվ հղում կիրառելը, նյութի այնպիսի օգտագործում պետք է լինի, որը չի բացահայտի նյութի ամբողջ էությունը, պետք է ֆիքսվի, որ շարունակությունը կարդալ թերթի այսօրվա համարում։ 

Թագուհի Թովմասյանը նշեց, որ այս իրավիճակը կօգնի շտկել իրավիճակը, սա կօգնի տարբերակել, թե  ովքեր են լրագրողները եւ ովքեր են գրագողները։

Հետաքրքիրն այն է, որ այդ օրենսդրական փոփոխություններ անելու նախագծին միացել են ներկայացուցիչներ գրեթե բոլոր խմբակցություններից։ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը կես կատակ կես լուրջ նկատեց, որ իրենք որոշել են քաղաքական դաշտը միավորել։

Խմբագիրը նշեց, որ առաջնորդվել են երկու սկզբունքով, նախ պետք է հարգեն լրատվամիջոցի հեղինակային իրավունքը, եւ երկրորդ՝  հասկանան, որ  իրենց աշխատանքն ապրանք է, որը բերում է եկամուտ եւ չի կարելի անբարեխիղճ լինել։ «Երկար սպասում էինք, որ դաշտը ինքնակարգավորման մեխանիզմներով կշտկվի, բայց հասկացանք, որ դա կարող է տեւել տարիներ եւ մեր աշխատանքից կօգտվեն պարազիտ կայքեր, պարազիտ մարդիկ, պետք է սահմանազատում լինի ով է լրատվամիջոցը, ով է լրագրողը, ովքեր են օգտվում դրանից»,- ասաց Արմիեն Օհանյանը։

Նա շեշտեց, որ երբ հասարակության մեջ չկարգավորված վիճակ է, տուժում է ամբողջ հասարակությունը, հատկապես՝ լրատվամիջոցները, «երբ երկու օրվա ընթացքում ստեղծված կայքերը հավասարվում են մեզ, ուզում են տեղ զբաղեցնել լրատվական դաշտում, եւ ստացվում է, որ չկա որեւէ չափանիշ, հաճախ նրանց  պատճառով մեզ կարող են լավ չվերաբերվել, չհարգել»։

Իսկ «Ազգ» օրաթերթի ներկայացուցիչ Մարիետա Խաչատրյանը նշեց, որ օրենսդրական փոփոխությունները հիանալի առաջարկություն են, այժմ  թերթերի խմբագիրները պետք է գործնական քայլերով պարտադրեն ինտերնետային լրատվամիջոցներին հարգել իրենց հեղինակային իրավունքը, չվնասել իրենց աշխատանքին։  Նա առաջարկում է օգտագործել ինտերնետի հնարավորությունները, մասնավորապես՝ «google» համակարգի միջոցով գտնել գրագողներին, տուգանք սահմանել, բարոյական խնդիր առաջադրել։  Մեկ այլ խնդիր, որի վրա ուշադրություն հրավիրեց «Ազգի» ներկայացուցիչը այն է, որ ինտերնետային կայքերը  գտնում են այն լուրերը, որտեղ սպանություն, բռնաբարություն կա, եւ այդպիսով պարտադրում են թերթերին այդպիսի լուրեր գրել, փոխանակ ներքաղաքական դաշտի  կերպարը վեր հանել, հասարակությանը հուզող խնդիրները բարձրացնել։

«Կան լուրջ նյութեր, որոնք վեր են հանում հասարակության պրոբլեմները, բայց պարզվում է, որ դրանք պետք չեն կայքերին, նրանք իրենց հաճախելիությունը կազմակերպում են այդպես եւ մամուլին էլ դրդում են դրան»,- նշեց նա, հավելելով, որ նրանք, ովքեր ստեղծել են ինտերնետային լրատվամիջոցները, նրանք էլ ուղղորդում են գովազդային դաշտը եւ ցանկանում են գերակա լինել։

Խմբագիրները նաեւ տեղեկացրել են, որ ինտերնետային լրատվամիջոցների հետ կնքվելիք երկկողմ պայմանագրերն արդեն ընթացքի մեջ են, իրավաբանները  աշխատում են դրանց վրա,  արդեն մյուս ամսվա վերջին կառաջարկեն պայմանագրեր, դրանք  խախտողների նկատմամբ սանկցիաներ են կիրառելու, «ամեն ինչ պետք է անեն, որ այլ ելք չունենան, եթե ուզում են օգտվեն մեր աշխատանքից, պետք է պայմանագիր կնքեն»։ Խմբագիրները նաեւ արձանագրեցին, որ թերթերի տպաքանակի կտրուկ նվազում չկա, բայց աճ եւս չկա, ինչը մտահոգիչ է։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am