Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը վճռաբեկ 9-րդ դատարանում բեկանվելուց հետո ուղարկվել է Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան, հաղորդում է Ստամբուլի հայկական «Ակոս» թերթը:

Նշենք, որ վճռաբեկ 9-րդ դատարանի որոշման մեջ Դինքի սպանության գործով դատապարտվածներին վերագրվել է «զինված հանցանք գործելու համար կազմված խմբավորման անդամներ» մեղադրանքը։ Ավելի վաղ, դատարանի որոշման մեջ չկար զինված խմբավորման անդամներ լինելու մասին որոշում, ինչը թեթեւացրել է մեղավորների պատիժները։

Վճռաբեկը միեւնույն ժամանակ հաստատել է Դինքի սպանության ուղղորդողներից Յասին Հայալի նկատմամբ դատարանի կայացարած ցմահ ազատազրկման դատապարտելու որոշումը։