ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել արտերկրում բնակվող հայրենակիցներին ՌԴ-ում կամավոր բնակություն հաստատելիս աջակցություն ցուցաբերելու մասին պետական ծրագրի վերաբերյալ:
Փաստաթղթում հաստատված է Ռուսաստանի համար ռազմավարական նշանակության շրջանների ցանկը, որտեղ մարդկանց մշտական բնակեցումը կքաջալերվի եւ կխթանվի սոցիալական աջակցության միջոցառումների հաշվին:
Առաջնահերթ բնակեցման տարածքների ցանկում 10 սուբյեկտներ են՝ Բուրյաթիա, Մերձբայկալ, Կամչատկա, Պրիմորիե, Խաբարովսկ, Ամուր, Իրկուտսկ, Մագադան, Սախալին եւ Հրեական ինքնավար մարզ, հայտնում է rbc-ն:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ծրագրի մասնակիցները եւ նրանց ընտանիքի անդամները կստանան «պետական ծրագրի դրույթներով նախատեսված երաշխիքներ եւ սոցիալական աջակցություն»:
Պետծրագրի օրենքներին համապատասխան՝ այդ արտոնություններից են՝ ապագա բնակության վայր տեղափոխվելու ծախսերի փոխհատուցումը, փաստաթղթերի ձեւակերպման համար պետական տուրքի վճարման ծախսերի փոխհատուցումը, ամենամսյա թոշակը՝ աշխատանքային, ձեռնարկատիրական կամ այլ գործունեությունից ստացված եկամտի բացակայության դեպքում՝ ՌԴ-ի քաղաքացիություն ստանալու ժամանակահատվածում (բայց վեց ամսից ոչ ավելի):




























