Այս իշխանությունները փիս կուրտիզանուհու պես ում տեսել՝ խոստացել են ու հիմա չգիտեն ումից սկսել: Այս մասին, այսօր` մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը:
«Օր-օրի մեր կյանքը վատանում է եւ մարդը չի կարողանում իր երեխային պահել: Այսօր մարդիկ իրենց տուն չեն կարողանում մտնել, քանի որ էլ իրենցը չի, բանկերում գրավ են դրել: Գնացեք գյուղեր, 70 տոկոսն իր տունը գրավ է դրել: Բոլոր գնացողներն էլ տները վաճառում գնում են»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Նա անդրադարձավ նաեւ Խաչիկ Ստամբոլցյանի այն հայտարարությանը, թե ՀՀՇ-ի ակունքներում մասոններն են կագնած՝ հանձինս Լեւոն Տեր-Պետրոսյանի, նշելով, որ Խաչիկ Ստամբոլցյանին պետք է լուրջ հետազոտության ենթարկեն այդ թվում նաեւ հոգեբուժական: «Խաչիկ Ստամբոլցյանն իր տերերին լավ չի գնահատում: Հինգ տարի շարունակ մեզ նստեցրեցին ինչ ասես արեցին, չկարողացան ապացուցել: Ի՞նչ եք կարծում, մեր իշխանությունները ոչխարների հավաքածո՞ւ են, որ չկարողացան որեւէ բան ապացուցել: Այս ամբողջ երկրին դրել եք հորթի տեղ, թե ինչ է մի հատ Խաչիկ Ստանբոլցյան որոշել է ով է մասոն, ով մասոն չի»:
Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ իր այն ընկերները, որոնց հետ ճանապարհ է անցել դեռեւս նախորդ ընտրությունների ժամանակ, կմիավորվեն եւ մեկ բռունցք կդառնան, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հույսեր չի կապում: «Նա երբեք էլ ընդդիմություն չի եղել: Բացի այդ, աղոթելուց հետո դժվար միանա: Աղոթքը լուրջ բան է: Աղոթում են եւ մի քանի տարի նրանց պետք է ձեռք չտան, քանի որ աղոթած է»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը, միաժամանակ կարծիք հայտնելով, որ անդունդից երկիրը կարող է Լեւոն Տեր-Պետրոսյանը հանել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























