Բանակը մեր երեխաների համար վերածվել է սպանդանոցի: Այս մասին այսօր` մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանն՝ անդրադառնալով բանակում տեղի ունեցող սպանություններին: Նրա խոսքով՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախարարների մեջ վատագույն տարբերակը չի` մաքուրսիրտ է, գրագետ ու կիրթ, սակայն չի կարողանում բանակի սպանդը կանգնեցնել:
«Լավ, Մարտունիից եկող ծնողների դեմը փակեցին, վաղը Եղեգնաձորինը կկանգնեցնեն, բայց եթե սենց շարունակվի, կգան գլուխները կջարդեն, չեն կարող կանգնեցնել: Իսկ մեզ պետք չի, որ գան ձեր գլուխը ջարդեն, Ղարաբաղի կախյալ վիճակում»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը:
Նա դիմելով Սեյրան Օհանյանին առաջարկեց, որ մի բաժին բացվի, որը կբացահայտի բանակում սպանությունների հիմքերն ու սպանությունները՝ պատճառ առ պատճառ: «Սկզբում այդ սպանությունները վերագրում էին ինքնսպանության: Սպանում են ինչի՞ համար, որովհետեւ բանակում տիրում է կալանավայրի բարքեր: Բանակում մինչեւ այսօր ծանրոցին «տուլիկ» են ասում, հավաքվող գումարին ասում են «պադագրեվ», որովհետեւ բանակում երեխաներից գումարներ են հավաքում ու ուղարկում տարբեր գողական կազմակերպությունների միավորումներին, «աբշակ»-ին են միանում: Այս ամենը կանգնեցնելու համար պետք է անվտանգության համակարգում շուտափույթ բացել բաժին, որը կզբաղվի բանակում օպերատիվ հետախուզական գործունեությամբ»,- ամփոփեց Գուրգեն Եղիազարյանը:



























