Թուրքական «Ֆաթիհ 1453» ֆիլմում սուլթան Մեհմեդին մարմնավորած դերասան Դեւրիմ Էվինը մերժել է Ստամբուլի նահանգապետի հրավերը՝ հայտնելով, թե գտնվում է ժողովրդի հետ եւ մասնակցում է հակակառավարական ցույցին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի նահանգապետարանը հրավիրել էր հայտնի դերասան Դեւրիմ Էվինին մասնակցել Ստամբուլի գրավմանը նվիրված միջոցառումներին, սակայն դերասանը մերժել է հրավերը՝ նշելով. «Ինձ որպես գլխավոր հյուր հրավիրած Ստամբուլի նահանգապետին եւ քաղաքապետին ասում եմ, որ ես նրանց հետ չեմ, ես իմ ժողովրդի հետ եմ, «Գեզի» այգում եմ լինելու»։

Նշենք, որ Ստամբուլի իշխանությունները որոշել են կտրել Ստամբուլի կենտրոնում գտնվող «Գեզի» այգու ծառերը՝ այդ հատվածում ճանապարհ կառուցելու համար։ Մի շարք մտավորականներ, պատգամավորներ եւ դերասաններ դեմ են դուրս եկել իշխանությունների որոշմանը եւ հերթապահում են այգում՝ կանխելու ծառերի հատումը։