Մայիսի 29-ին Խաղաղարարի օրվան նվիրված միջոցառումը «փայլեց» «գերազանց» կազմակերպվածությամբ: Ասել, թե մամուլի համար այն վատ էր կազմակերպված, նշանակում է ոչ ամբողջությամբ պատկերել ստեղծված իրավիճակը:
Նախ հրավիրված լրագրողներին հրաժարվեցին ներս թողնել խաղաղարար բրիգադի տարածք: Տասը րոպե պարզաբանելուց հետո, ի վերջո լրագրողներին ներս թողեցին (նշենք, որ սա բոլորովին էլ առաջին միջոցառումը չէ այդ բրիգադում, եւ նախկինում դրանք շատ ավելի կազմակերպված են անցել):
Պարզվեց, որ հայ խաղաղարարներին շնորհավորելու եւ նրանց պարգեւատրելու է ժամանել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդը: Օգտվելով առիթից` NEWS.am-ի թղթակիցը փորձեց նրանից փոքր հարցազրույց վերցնել միջազգային խաղաղարար առաքելությանը հայ «երկնագույն սաղավարտների» ներդրման վերաբերյալ:
Սակայն այդ մտադրությունը հանդիպեց Պաշտպանության նախարարության պաշտոնյայի բուռն հակազդեցությանը: Փոխգնդապետ Սամվել Սարգսյան ներկայացած անձի վարկածով` հարցազրույց թույլատրվում է վերցնել բացառապես միջոցառումից հետո, սակայն ոչ մի կերպ միջոցառման ընթացքում: Ընդ որում, Սարգսյանը չբարեհաճեց պարզել կցորդի կարծիքն այդ հարցում:
Հարցազրույցը հետաձգելու պահանջով հանդես եկավ նաեւ քաղաքացիական հագուստով մի տիկին: Նա կտրականապես հրաժարվեց ներկայանալ` միայն հայտարարելով, թե ԱՄՆ դեսպանատան աշխատակցուհի է: Անսպասելիորեն պարզվեց, որ սույն տիկինը դիտողություններ ունի ոչ միայն գործակալության, այլեւ թղթակցի հանդեպ: Արհամարհական-ուսուցողական ոճով նա սեփական տեսլականը ներկայացրեց, թե ինչպես պետք է աշխատի լրագրողը, իսկ վերջում դիվանագիտական էթիկայից չափազանց հեռու արտահայտություններ արեց:
Արդյունքում, հարցազրույցը փչացավ: Թե ինչ նկատառումներով էին առաջնորդվում ՊՆ-ի եւ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, անհայտ է մնում: Մնում է հուսալ, որ նրանց գործողությունները թելադրված էին ոչ թե միջոցառման լուսաբանումը խափանելու բուռն ձգտմամբ, այլ սեփական պարտականությունների կատարման նկատմամբ պեդանտ մոտեցումներով:




























