Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի փոփոխությունը հակամարտությունում ներքաշված կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ միջազգային միջնորդների համար տարբեր են: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ի մամուլի ասուլիսում հայտնել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Ներկայիս ստատուս քվոն, դե ֆակտո ունենալով դրական տարրեր, պետք է դե յուրե հաստատվի: Այս տեսանկյունից առկա ստատուս քվոն կարող է անընդունելի լինել կողմերի համար՝ առանց հակամարտության դե յուրե կարգավորման», - կարծում է քաղաքագետը:
Ըստ նրա՝ թեեւ հիմնախնդրին մասնակից կողմերը ստատուս քվոյի փոփոխությունը կարող են տարբեր հարթություններում տեսնել, խնդիրն այն է, որ ստատուս քվոյի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն, եւ դրա համար իրական հիմքեր կան: «Կարգավորման գործընթացը պետք է ներդաշնակ լինի ներքաղաքական պատկերին: Տվյալ համատեքստում բանակցային գործընթացում որոշակի աշխուժացում կարելի է ակնկալել Ադրբեջանի նախագահի ընտրություններից հետո», - նշել է Ալեքսանդր Մարկարովը:
Նա նաեւ հավելել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները ինչ-որ չափով նախապատրաստական փուլ էին նախագահների կայանալիք հանդիպման համար: «Դժվար է ասել, թե որեւէ համաձայնություն ձեռք կբերվի՞ կամ կստորագրվի՞ որեւէ փաստաթուղթ, սակայն դա կլինի, հավանաբար, փակուղուց դուրս գալու հնարավորություններից մեկը: Այնուամենայնիվ, բանակցային գործընթացի վերսկսման փաստը վկայում է, որ կողմերը ոչ միայն պատրաստակամ են բանակցային գործընթացը շարունակելու հարցում, այլեւ ունեն նոր գաղափարներ», - ամփոփել է Ալեքսանդր Մարկարովը:




























