2012 թ. պաշտպանության բնագավառում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 152.8 մլրդ դրամ (մոտ 400 մլն դոլար)՝ 98.8%-ով ապահովելով ծրագրի կատարումը: Այդ մասին այսօր՝ մայիսի 29-ին ՀՀ Ազգային Ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Նախորդ տարվա համեմատ ոլորտի ծախսերը աճել են 5%-ով` հիմնականում պայմանավորված ռազմական կարիքների բավարարման ծախսերի ավելացմամբ:

ՀՀ ռազմական կցորդների պահպանմանը հատկացվել է 222.5 մլն դրամ` կազմելով ծրագրի 97.8%-ը:

Արտաքին ռազմական օգնությանը տրամադրվել է 141.7 մլն դրամ կամ ծրագրված միջոցների 98.8%-ը: Այս դասում ներառված` ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական ներկայացուցչության պահպանման ծախսերը կազմել են 51.3 մլն դրամ` ապահովելով 100% կատարողական: ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի համադրման օղակում ՀՀ կապի սպայի գործունեության ապահովման ծախսերը կազմել են 39.4 մլն դրամ`ապահովելով 95.9% կատարողական: Երեւանում ՆԱՏՕ-ի հասարակական-տեղեկատվական կենտրոնի շենքի վարձակալության նպատակով բյուջեից հատկացումները կազմել են 9.6 մլն դրամ, իսկ ՆԱՏՕ-ի վերափոխման հրամանատարությունում ՀՀ փոխգործակցության ներկայացուցչի պահպանման հատկացումները` 41.4 մլն դրամ, որոնք ամբողջությամբ օգտագործվել են:

Արտաքին ռազմական օգնության ծախսերը 6.8%-ով գերազանցել են 2011 թվականի ցուցանիշը: