Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի լիարժեք գործունեության համար պետական բյուջեից լրացուցիչ պետք է հատկացնել 65 մլն դրամ: Այդ մասին այսօր՝ մայիսի 30-ին, ՀՀ Ազգային Ժողովում 2012 թ. բյուջեի կատարողական նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ մարդուն իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ եթե ֆինանսավորումը չավելացվի, իրենք ստիպված կլինեն փակել մարզային 6 գրասենյակները եւ արագ արձագանքման ծառայությունը, որոնք բավական արդյունավետ գործում են: «Չեմ ուզում ասել շանտաժ է, բայց ուրիշ ճանապարհ չկա»,- ասաց Կ. Անդրեասյանը:
Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերը 2012 թ. կազմել են 168.8 մլն դրամ կամ նախատեսվածի 97.1%-ը: 2011 թվականի համեմատ
նշված ծախսերն աճել են 5.5%-ով:
Ընտրությունների համար 2012-2013 թ.թ. Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրվել է լրացուցիչ 66.6 մլն դրամ՝ 6 մարզային ներկայացուցչությունների եւ «թեժ գծի» ծառայության ստեղծման համար: Դրանք պետք է գործեին 19 ամիս՝ մինչեւ 2013 թ. վերջը:




























