Այսօր՝ մայիսի 30-ին, մահացել են մայիսի 28-ին, Տաշիր-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի վիրավորներից եւս մեկը՝ 4-ամյա Արգամ Պողոսյանը (ֆոտոռեպորտաժ):

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 28-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել  «Օպել-Աստրա» եւ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Օպել-Աստրա»-ի ուղեւոր 54-ամյա Սլավիկ  Սուքիասյանը, տեղում մահացել էր, իսկ վարորդը եւ «Օպել-Վեկտրա»-ի 8 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հիվանդանոցում մահացել էին տուժածներ 72-ամյա Հակոբ Հովսեփյանը եւ 8-ամյա Արման Պողոսյանը:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դեպքից մեկ օր անց, մայիսի 29-ին հիվանդանոցում մահացել է «Օպել-Աստրա»-ի վարորդ 54-ամյա Նորիկ Դավոյանը: Այսօր հայտնի է դարձել, որ մահացել է նաեւ 4-ամյա Արգամ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ ըստ ԱԻՆ տարածած վերջին հաղորդագրության, վիրավորների մեծ մասը տեղափոխվել են մայրաքաղաք. Մալխաս Հովսեփյանը տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր, Վահան Հովսեփյանը տեղափոխվել է թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, Սուսաննա Նարգիզյանը` Տաշիր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Արեւիկ Հովսեփյանը` Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, Օլյա եւ Դիանա Հովսեփյանները` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ Օլյա Հովսեփյանի առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր, իսկ Դիանա Հովսեփյանինը` ծայրահեղ ծանր:

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաեւ երեխայի սպասող Նարգիզ Հովսեփյանը, ում վիճակը բժիշկները գնահատում են ծանր:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am