Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը աշխարհին իր հանդուրժողականությունն ու բարի մտադրություններն ապացուցելու հերթական փորձն է ձեռնարկել միջմշակութային երկխոսության համաշխարհային երկրորդ համաժողովում, որն անցկացվում է «Միասին ապրել բազմամշակութային աշխարհում» կարգախոսով:
Ըստ Ալիեւ կրտսերի՝ ներկայիս համաժողովը 2008թ. սկսված Բաքվի գործընթացի շարունակությունն է: Գովաբանելով իրեն հանդուրժողականության համար՝ Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել Իսլամական համագործակցության կազմակերպության եւ ԵԽ-ի անդամ երկրների մշակույթների նախարարներին: «Այսինքն՝ Բաքուն նաեւ միջմշակութային կամուրջի դեր է կատարում», - նշել է Ալիեւը: «Եւ ես շատ ուրախ եմ, որ մեր ընկերները նույնպես աջակցել են այս նախաձեռնությանը եւ այսօր մեզ հետ մասնակցում են համաժողովին»:
Ըստ նրա՝ Բաքվում այդ համաժողովի անցկացումը պատահական չէ: «Քանի որ Ադրբեջանը դարեր շարունակ հայրենիք է եղել այստեղ ապրող ազգերի, բոլոր կրոնների ներկայացուցիչների համար: Մենք հպարտ ենք, որ այսօր էլ անկախ Ադրբեջանը բազմազգ եւ բազմակրոն երկիր է: Այստեղ ապրող բոլոր կրոնների, բոլոր ազգերի ներկայացուցիչները ապրում են մեկ ընտանիքի նման՝ խաղաղության, բարեկամության եւ համերաշխության պայմաններում: Դա մեր մեծ հարստությունն է, մեծ առավելությունը, եւ կարծում եմ, որ այս գործոնն էլ իր դերն է ունեցել Ադրբեջանի հաջող զարգացման համար», - լկտիաբար ասել է Ադրբեջանի նախագահը:
Հայերի զանգվածային ջարդերի, փախստականների եւ ամենաբարձր մակարդակով տարվող հակահայ քարոզչության մասին Իլհամ Ալիեւը, բնականաբար, չի խոսել:




























