Կոմիտաս 56 շենքի բնակիչները խստորեն դատապարտում են մի շարք պաշտոնատար անձանց կողմից օրեր առաջ հանիրավի հոգեբուժարան տեղափոխված Ամալյա Նազարեթյանին լրատվամիջոցներում որպես հոգեկան հիվանդ ներկայացնել ու խայտառակ իրողությունը: Այս մասին հայտարարություն է տարածվել Երեւանի Կոմիտաս 56 շենքի 39 բնակիչների անունից:

«Երկար տարիներ ճանաչելով Ամալյա Նազարեթյանին, բոլորս փաստում ենք, որ նա  լիովին նորմալ, ադեկվատ եւ ինտելիգենտ անձնավորություն է, երկար տարիներ դասավանդած Օստրովսկու ուսումնարանում, իսկ «Իդեալ» խանութի տերերի կամայականությունների դեմ ընդվզելու համար հոգեբուժարան տեղափոխելն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ: Ցավում ենք, որ մեր երկրում հարցեր լուծելու համար դեռեւս օգտագործվում են խորհրդային «լավագույն» տարիներին բնորոշ մեթոդները: Պահանջում ենք շտապ դուրս գրել Ամալյա Նազարեթյանին հոգեբուժարանից՝ միաժամանակ կոչ անելով լրագրողներին եւ իրավապաշտպաններին պահանջել հանդիպում տիկին Նազարեթյանի հետ եւ համոզվել մեր հայտարարության իսկության մեջ»:

Հիշեցնենք, որ 10 օր առաջ Երեւանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանի բնակիչ, մոտ 70-ամյա Ամալյա Նազարեթյանը գտնվում է Ավանի հոգեբուժական կլինիկայում: «Հայկական ժամանակը» գրել էր, որ Նազարեթյանի բնակարանը զբաղեցնում է նույն շենքի առաջին հարկում գտնվող «Իդեալ» խանութի երկրորդ հարկը: «Եվ ահա, ըստ հարեւանուհու, խանութի տերերը որոշել են շինարարական փոփոխություններ կատարել աոաջին եւ երկրորդ հարկերի միջեւ: Ամալյա Նազարեթյանը որպես բնակիչ դեմ է եղել: Բավական երկար ժամանակ նրա եւ խանութի ներկայացուցիչների միջեւ լարված հարաբերություններ են եղել, քանի որ Նազարեթյանը խնդրով պարբերաբար դիմել է ոստիկանություն: Եվ ահա, օրերից մի օր այս հարեւանուհուն է մոտեցել թաղային ոստիկանը ձեռքին մի թուղթ եւ հորդորել ստորագրել այդ թղթի տակ առ այն, որ Ամալյա Նազարեթյանը հոգեկան խնդիրներ ունի: Հարեւանուհին հրաժարվել է ստորագրել, քանի որ այդ կինը հոգեկան խնդիրներ չի ունեցել: Ըստ նրա տեղեկությունների, հարեւաններից որեւէ մեկը չի ստորագրել թղթի տակ: Իսկ արդեն մի քանի օր անց նրանք ականատես են եղել, թե ինչպես է մի մեծ մեքենա կանգնել շենքի բակի տաղավարի մոտ, վեճի ձայներ են լսվել, Ամալյա Նազարեթյանը տարածքում գտնվող շենքի հավաքարարուհուն խնդրել է ասել, որ ինքը հոգեկան հիվանդ չէ. ապա նրան բռնի ուժով դրել են մեքենան ու տարել: Ավելի ուշ հարեւանները պարզել են. որ նրան տեղափոխել են հոգեբուժարան»,- գրել է թերթը:

Իսկ հոգեբուժարանի տնօրեն Արեգա Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, թե չի բացառվում, որ 10 օր առաջ իրենց մոտ տեղափոխված Երեւանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանի բնակիչ, 70-ամյա Ամալյա Նազարեթյանը «Իդեալ» խանութի հետ խնդիրներ է ունեցել, բայց վստահեցրել էր, որ վերջինս հոգեկան հիվանդ է եւ նրան հոսպիտալացնելու համար Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը չի միջամտել: Նա նշել է, որ Ամալյա Նազարեթյանը անհանգստացրել է բնակիչներին, ագրեսիվ, ոչ ադեկվատ  վարքագիծ է  ցուցաբերել, նրանք դիմել են ոստիկանություն, վերջինս էլ` «Շտապօգնություն», եւ հոգեբուժական բրիգադան, որի մեջ կա նաեւ հոգեբույժ, նայել է կնոջը ու որոշել, որ բնակիչը հոգեկան հիվանդ է եւ կարիք կա տեղափոխել հիվանդանոց: