Հայասանը դիմել է Քուվեյթի Զարգացման հիմնադրամին՝ Մաստարայի ջրամբարի շինարարությունը ֆինանսավորելու համար: Այդ մասին այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի հետ հանդիպումից հետո:
Նշենք, որ Մաստարայի ջրամբարը (Արմավիրի մարզ) նախատեսվում է կառուցել Մաստարա գետի վրա, որը կուտակելու է Սելավ Մաստարա գետի եւ Ախուրյանի ջրամբարից մինչեւ Թալինի ոռոգման համակարգի գլխամասային հանգույցն ընկած հատվածի ազատ հոսքը:
Հ. Աբրահամյանը նշեց, որ Քուվեյթի հետ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն տնտեսական հարաբերությունները զարգացման մեծ պոտենցիալ ունեն:
Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդը նշեց, որ Քուվեյթի Զարգացման հիմնադրամը բազմաթիվ երկրներում ներդրումներ է իրականացնում, ու հետաքրքրվում են նաեւ Հայաստանում ներդրումներով:
Երկկողմ հանդիպման ժամանակ խորհրդարանների ղեկավարները նաեւ համաձայնել են համագործակցել միջազգային կառույցներում:




























