Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հույս ունի, որ գազի գնի հարցում «հայ-ռուսական ռազմավարական գործընկերության շրջանակներում փոխգործակցության մեխանիզմներ կգտնվեն, իսկ պետությունը համապատասխան քայլեր կձեռնարկի իրավիճակը մեղմելու համար՝ հատկապես սոցիալապես անապահով խավերի համար»: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Միաժամանակ, Բաղդասարյանն առաջարկել է ծանոթանալ այլ երկրներում գազի գներին եւ համոզվել, որ այս դեպքում՝ Հայաստանը գտնվում է ավելի լավ իրավիճակում, քան շատ այլ պետություններ: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել, որ վերջին 5 տարում գազի գներն աճել են շատ երկրների համար՝ ի տարբերություն Հայաստանի: «Մենք պետք է ավելի շատ մտածենք երկրի տնտեսությունն ամրապնդելու մասին, որպեսզի նմանատիպ թանկացումները մեծ ազդեցություն չունենան»,-ասել է Բաղդասարյանը:

Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ հարցը փակված չէ, սկսվում է քննարկումների եւ որոշումների ընդունման փուլը: ԱԱԽ քարտուղարը կարծիք է հայտնել, որ պետությունն ու համապատասխան կառույցները քայլեր կձեռնարկեն, որպեսզի հնարավորինս մեղմացնեն իրավիճակը եւ արդյունքն զգալի կլինի:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am