Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հանձնարարական է ստացել բացահայտել փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը եւ ավելացրեց, որ այս գործի բացահայտումը ներկա պահին իրենց թիվ մեկ խնդիրն է: Նա նաեւ ասաց, որ քանի դեռ նախաքննությունը շարունակվում է, այլ մանրամասներ չի կարող փոխանցել:

«Թեեւ աշխատանքներ միշտ տարվել է, սակայն Գեւորգ Մհերյանի գործի բացահայտումը ոստիկանության պատվի հարցն է: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գեւորգ Մհերյանի սպանության բացահայտումն առանձնահատուկ է կարեւորում եւ որպես համար մեկ գործ է դիտարկում: Լուրջ աշխատանքներ տարվում են, բայց ես չեմ կարող նախաքննության գաղտնիքներ ձեզ ասել»,- նշեց Երեւանի ոստիկանապետը:

Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանն սպանվել է փետրվարի 3-ին ժամը 20.15-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի (Կիեւյան կամրջի հարեւանությամբ գտնվող «Օլիմպիա» մոթելի դիմաց) 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել է ութ կրակոց, որոնցից հինգն են նրան դիպել։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ չորս գնդակ։ Ավելի ուշ պարզվել էր, որ Գեւորգ Մհերյանին մարդասպանը դարանակալել էր զոհի բնակարանի հարկաբաժնի վերելակի մոտ։ Երբ Մհերյանը վերելակից դուրս է եկել, մարդասպանն անմիջապես դիմահար կրակել է նրա կրծքին եւ գլխին։ Մարդասպանի արձակած ութ կրակոցների ձայնը լսելի է եղել Մհերյանի հարկաբաժնում ապրող բնակիչներին։ Սակայն նրա հարեւանները մի քանի րոպե վախեցել են տանից դուրս գալ, ինչի արդյունքում մարդասպանին հաջողվել է հանցագործության վայրից աննկատ հեռանալ: Պետրոս Մհերյանը ասել էր նաեւ, որ Գեւորգ Մհերյանին սպանած մարդասպանին  սպանությունից րոպեներ առաջ տեսնող է եղել, սակայն նրա եւ կասկածյալի միջեւ առերեսում չեն կատարել: Ի դեպ, Պետրոս Մհերյանը փոխանցել էր, որ Գեւորգ Մհերյանը մեկ USB-կրիչ է ունեցել: Այնինչ` ոստիկանության փաստերով երեք USB-կրիչ է առկա: «Ես իմ տղայի ձեռքում մեկ ֆլեշկա եմ տեսել, որին շատ խնամքով էր վերաբերում եւ միշտ իր մոտ էր պահում: Դեպքից երկու օր առաջ էլ ասաց, որ նախագահին զեկուցելու շատ կարեւոր ինֆորմացիա ունի: Սպանությունից հետո էլ մի շարք պաշտոնյաներ ինձ ասացին, որ այդ ֆլեշկայի մեջ այնքան կարեւոր ինֆորմացիա կար, որ եթե Սերժ Սարգսյանին հասներ, մի շարք մարդկանց գլուխներ կթռնեին: Երբ ես սկսեցի ֆլեշկեն ման գալ, որոշ ժամանակ անց կանչում են հարսիս եւ ասում, թե սա այն ֆլեշկան է, որը հայրը ման է գալիս: Սակայն հիմա ոչ մեկը չկա: Բայց, ոչ միայն ֆլեշկեքը չկա, այլեւ ֆաքսը, եւ սպանության օրը Գեւորգի անցած ճանապարհների տեսաձայնագրություննեը: Վերացրել են, որ չտեսնենք, թե ինչ մեքենաներ են նրա հետեւից գնում: Իսկ ես լուրջ կասկածներ ունեմ, որ այդ տեսանյութերի մեջ կա այն մարդը, ում փորձում են կոծկել»,- մանրամասնել էր Պետրոս Մհերյանը: