«Հրապարակը» գրում է, թե երեկ տեղեկություններ տարածվեցին, թե Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում  մասսայական թունավորում է տեղի ունեցել, եւ կուրսանտները հոսպիտալացվել են: Խոսվում էր մի քանի տասնյակ կուրսանտի մասին: Իսկ թունավորումը եղել էր սննդամթերքից: Եվ, որպեսզի աղմուկ չբարձրանա, մի մասին տեղափոխել են հոսպիտալ, կեսին՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, մի քանիսին էլ տեղում բուժօգնություն ցուցաբերել:

Դե, քանի որ մեր բանակի սննդակարգում տարիներ շարունակ իր պատվավոր տեղն էր զբաղեցնում գոմեշի մսի «դելիկատեսը», այդ իսկ պատճառով շրջանառության մեջ մտավ գոմեշի մսից թունավորման վարկածը: Սակայն այս վարկածները պարզել չհաջողվեց, քանի որ ՊՆ-ն բռնել էր տեղեկությունն իսպառ հերքելու մարտավարությունը, մինչդեռ Նորքի ինֆեկցիոն  հիվանդանոցի տնօրեն, հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանն ավելի ազնիվ գտնվեց եւ անուղղակի ասաց ճշմարտությունը:

Երբ զանգահարեցինք Ասոյանին, ժամը 17-ն անց էր: Նա, պատասխանելով զանգին, ասաց, թե չի կարող պատասխանել, եւ կատակեց, թե ժամը 5-ից հետո «փչանում է»: Թերեւս անսարքության պատճառով էլ նա չկարողացավ ստել այնպես, ինչպես ՊՆ-ն: Մեր այն հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ ակադեմիայում թունավորում է եղել, ու զինվորներին հոսպիտալացրել են, ծոր տվեց. «Լա՜վ, էլի, լա՜վ, էլի, որոշ ինֆորմացիա կա, որ կարելի ա փակ պահել, կներես, էլի, չի կարելի, դա բոլոր դեպքերում բանակ ա, զինվորական համակարգ ա»:

Ասոյանի հայրենասիրական քարոզից հասկացանք, որ թունավորման դեպք գրանցվել է: Նրա խոսքից կարելի է ենթադրել, որ միջին աստիճանի է եղել, բայց խուճապային տրամադրություններ են ստեղծվել:  Դիտարկմանը, թե սննդայի՞ն թունավորում է եղել, եւ որ սննդատեսակից, հայրենասիրական քարոզը շարունակվեց՝ ակնարկելով նաեւ, որ եղածն այնքան փոքր բան էր, որ նույնիսկ բժիշկ էլ պետք չէր կանչել: Երեկ տեղեկացանք, որ առաջիկա երեք օրվա ընթացքում հայտնի կլինեն նաեւ թունավորման պատճառն ու  մեղավորի ինքնությունը:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում