Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2012 թ. ՀՀ նախագահի աշխատակազմին փաստացի հատկացվել է 4 մլրդ 28 մլն դրամ (մոտ 10 մլն դոլար)՝ ճշտված բյուջեով նախատեսված 4 մլրդ 39 մլն դրամի համեմատ: Այդ մասին այսօր՝ մայիսի 31-ին, ՀՀ Ազգային ժողովում 2012 թ. պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Միեւնույն ժամանակ՝ 2012 թ. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ պատգամավորների պահպանման համար նախատեսված միջոցներն օգտագործվել են 99.9%-ով` կազմելով 2.7 մլրդ դրամ:Այդ մասին էլ տեղեկացրեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը: Նախորդ տարվա համեմատ Ազգային ժողովի պահպանման ծախսերն էական փոփոխություն չեն կրել:
Ի դեպ՝ նիստի ընթացքում ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը դժգոհեց, թե ինչու ե՞ն գրում «պատգամավորների պահպանում», քանի որ, իր խոսքով՝ «իրենց ոչ ոք էլ չի պահպանում»: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը խոստացավ քննարկել ծրագրի անվանափոխության հարցը:




























