2013 թվականի հունվար-ապրիլին Վրաստանի ամենախոշոր առեւտրային գործընկերը եղել է Թուրքիան, որի հետ արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 437 մլն դոլար: Երկրորդ տեղում Ադրբեջանն է, որի հետ արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 398 մլն դոլար, ապա՝ Ուկրաինան (225 մլն դոլար):
Ընդ որում, առաջին անգամ Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառության մեջ գրանցվել է դրական առեւտրային հաշվեկշիռ, երբ արտահանումը (209 մլն դոլար) գերազանցել է ներմուծմանը (189 մլն դոլար):
Վրաստանի առաջին 10 առեւտրային գործընկեր երկրներից Վրաստանը դրական առեւտրային հաշվեկշիռ է գնացել նաեւ Հայաստանի հետ (արտահանումը կազմել է 93 մլն դոլար, ներմուծումը՝ 21 մլն դոլար):
Այդ ժամանակահատվածում Ռուսաստանը Վրաստանի առեւտրային գործընկերների շարքում 5-րդն է: Արտահանումը Ռուսաստան կազմել է 21 մլն դոլար, ներմուծումը Ռուսաստանից՝ 146 մլն դոլար, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013-ի հունվար-ապրիլին Վրաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 3 մլրդ դոլար, որը 4 տոկոսով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ:
Միաժամանակ, արտահանումն աճել է 8 տոկոսով, կազմելով 785 մլն դոլար, իսկ ներմուծումը նվազել է 8 տոկոսով, կազմելով 2,2 մլրդ դոլար: Վրաստանի առեւտրային հաշվեկշռի սալդոն բացասական է եւ կազմում է ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառության 48 տոկոսը:



























