2013 թվականի հունիսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ, 311-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի աշխատակիցների կողմից բռնություն գործադրելով զուգորդված՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ կաշառք պահանջելու դեպքի առթիվ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հատուկ քննչական ծառայությունից: 2013թ-ի մայիսի 29 ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  ստացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրությունն այն  մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի  կալանավորը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով  հայտնել է ՀՀ ոստիկանության Լոռիի մարզային վարչության Վանաձորի բաժնի  Բազումի բաժանմունքի  աշխատակիցների կողմից իր նկատմամբ կատարված  ապօրինությունների մասին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այդ կապակցությամբ նախապատրաստված նյութերի ընթացքում՝ 2013 թվականի մայիսի 31-ին, կալանավորը տվել է գրավոր հաղորդում՝ համաձայն որի 2013 թվականի մարտի 16-ինիր նախկին զոքանչի հետ վիճաբանության արդյունքում բերման է ենթարկվել ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունք, որտեղ նույն բաժանմունքի հերթապահի օգնականն իրեն ծեծի է ենթարկել՝ փորձելով կորզել խոստովանական բացատրություն, ապա նաեւ 100 լիտր բենզին՝ Բազումի բաժանմունքից ազատ արձակելու համար: Կատարվում է նախաքննություն: