Պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի ու կենսաթոշակների չափերին կառավարությունը կանդրադառնա 2014 թ. հունվարի 1-ից: Այդ մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա չբացառեց, որ նվազագույն աշխատավարձին անդրադարձ կկատարվի կառավարության առաջիկա նիստերից մեկում, ըստ այդմ՝ առաջարկ կարվի նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչեւ 45 հազ. դրամ, ներկայիս 32,5 հազ. դրամի համեմատ:

«Նվազագույն աշխատավարձը 30 տոկոսով բարձրացնելու նպատակն աշխատող աղքատների խնդիրների աստիճանական լուծումն է: 45 հազար դրամն այսօրվա աղքատության գծից ավելի բարձր նվազագույն աշխատավարձի չափ է, որն օրենքով սահմանվում է որակավորում չունեցող աշխատողի համար»,- ասաց Ա. Ասատրյանը: