Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրաժարականի դիմում է ներկայացնելու նախագահ Վլադիմիր Պուտինին, Մոսկվայի քաղաքապետի արտահերթ ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենալու համար:
«Մոտակա ժամանակներս կդիմեմ ՌԴ-ի նախագահին արդեն այս տարի քաղաքապետի ընտրություններ անցկացնելու խնդրանքով»,-հայտարարել է Սերգեյ Սոբյանինը հունիսի 4-ին տեղի ունեցած Մոսկվայի Հասարակական պալատի նիստի ժամանակ:
Ավելի վաղ Հասարակական պալատը խորհուրդ էր տվել Սոբյանինին աշնանն արտահերթ ընտրություններ անցկացնել: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, ենթադրվում է, որ հրաժարականից հետո մինչեւ ընտրությունները Ս. Սոբյանինը կմնա քաղաքապետի պաշտոնում որպես պաշտոնակատար:
2012թ հուլիսին Մոսկվայում քաղաքապետի ուղղակի ընտրությունների վերաբերյալ օրենք է ընդունվել: 2010թ հոկտեմբերի 21-ին Մոսկվայի քաղաքային դուման նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկով Ս. Սոբյանինին 5 տարի ժամկետով քաղաքապետ է նշանակել:
Այդպիսով նա լիազորությունները վայր էր դնելու 2015թ: Ըստ օրենքի` 2013թ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է, որ գործող քաղաքապետը մոտակա օրերին հրաժարական տա: Ինչպես հայտնում է Vesti.ru-ն, այդպիսով հնարավոր կլինի 2013թ սեպտեմբերի 8-ին ընտրություններ անցկացնել:




























