Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ հունիսի 4-ին, այցելել է Շիրակի մարզ, Մեղրաշեն եւ Ազատան համայնքներում ծանոթացել հակակարկտային կայանների վիճակին եւ հզորություններին:
Քննարկվել են մարզում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգին չպատկանող հակակարկտային կայաններն ընդհանուր համակարգին միացնելու նպատակահարմարության, ինչպես նաեւ նոր կայաններ տեղադրելու հնարավորություններին առնչվող հարցեր: Զեկուցել են, որ մարզում առկա է ընդհանուր առմամբ 41 հակակարկտային կայան, որոնցից 11-ը տեղադրված է պետական ծրագրով, իսկ մնացած 30-ը` այլ հիմունքներով: Շիրակի մարզում եւս ցանքատարածությունները եւ, հատկապես, հացահատիկի բերքը կարկուտից պաշտպանելու համար հակակարկտային կայանների թվի ավելացման անհրաժեշտություն կա:
Խորհրդակցությանը համայնքի ղեկավարները բարձրացրել են նաեւ ոռոգման եւ խմելու ջրի համակարգերի ներտնտեսային ցանցերի արդիականացման, սահմանային գոտում գտնվող հողերի օգտագործման, գյուղմթերքի, մասնավորապես կարտոֆիլի, իրացման հետ կապված եւ ընթացիկ այլ հարցեր:
Փոխվարչապետը այցի ընթացքում կանգ է առել նաեւ Փանիկ համայնքում, որտեղ բնակիչների հետ հանդիպմանը քննարկվել է համայնքի ջրամատակարարման խնդիրը: Բնակիչները դժգոհություն են հայտնել ինչպես ջրամատակարարման, այնպես էլ խմելու ջրի որակից: Փոխվարչապետը խոստացել է, որ «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը կառաջարկվի այցելել համայնք եւ տեղում ուսումնասիրել խնդիրը:



























