Սննդի անվտանգության պետական ծառայությունը պլանային  ստուգումներ է սկսել «ՍԱՍ գրուպ»-ին պատկանող բոլոր սուպերմարկետներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Սննդի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ստուգումները սկսվել են հունիսի 3-ին եւ կավարտվեն հունիսի 18-ին: Բաժնից հայտնեցին, որ ստուգումները կատարվում են անասնաբուժության եւ սննդամթերքի անվտանգության հարցերը կարգավորող ՀՀ իրավական ակտերով ներկայացվող պահանջների համապատասխանությունը բացահայտելու նպատակով: Ստուգումները իրականացվում են հետեւյալ հարցերի շրջանակներում` մակնշմանը ներկայացվող պահանջներին համապատասխանությունը, փաթեթավորման միջոցով անվտանգության ապահովումը, պահման պայմանների համապատասխանությունը, պիտանելիության ժամկետը լրացած սննդամթերքի իրացումը, պիտանելիության ժամկետը լրացած սննդամթերքի վերափաթեթավորումը եւ իրացումը, իրացվող սննդամթերքի պիտակի վրա զետեղված տեղեկությունների փոփոխությունը, պիտանելիության ժամկետը լրացած սննդամթերքի կրկնակի պիտանելիության ժամկետի կամ բնօրինակ պիտանելիության ժամկետի ջնջման եւ նոր պիտանելիության ժամկետի նշումը, իրացվող սննդամթերքի հայերեն մակնշման  տեղակայումը եւ այլն: Ծառայությունից ստուգումների ընթացքի մասին տեղեկատվություն չեն տրամադրում` խնդրելով սպասել դրանց ավարտին: Թե ինչպիսի թերություններ կհայտնաբերվեն, պարզ կլինի առաջիկայում:

Նշենք, որ «ՍԱՍ գրուպ» ընկերությունը պատկանում է Ազգային Ժողովի պատգամավոր, հանրապետական Արտակ Սարգսյանին` ՍԱՍ-ի Արտակին: