Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի հասկանում, թե ինչու է աշխատավարձ ստանում Վրաստանի անվտանգության քարտուղար Գիգի Բոկերիան: «Ռեզյումե» հաղորդաշարի ժամանակ երկրի վարչապետը հայտարարել է, որ անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրվել 8 ամիս շարունակ:
«Ի՞նչ է անում անվտանգության խորհուրդը, միայն մեկնում է Վաշինգթոնը եւ հանդիպում լոբբիստների հե՞տ: Հենց բոկերիայի Վաշինգթոն այցից հետո «Վաշինգթոն փոսթում» հոդված հայտնվեց: Ինչ են նրանք անում երկրի համար, ուր են գնում նախագահն ու Բոկերիան, ոչ ոք չգիտի: Դրա դիմաց ստանում են մեր կողմից վճարվող գումարները»,-ասել է Իվանիշվիլին:
Նա նաեւ հայտարարել է, որ Բոկերիան ստիպված կլինի պատասխանել քննության հարցերին: Վարչապետի խոսքով՝ 2012-ին լոբբիստների վրա ծախսվել է ավելի քան 16 մլն՝ «գաղտնի» մակագրությամբ: Այնտեղ կան կանխիկ վճարումներ 200, 300 եւ 400 հազար դոլարի եւ այդ ամենն արվել է Անվտանգության խորհրդի միջոցով:
«Այսօր գործը գտնվում է դատախազությունում. Այդ ամենն արվել է Գիգի Բոկերիայի ծառայության միջոցով եւ նրան, իհարկե, հարցեր կան տալու: Ես ավելին կասեի, նա ստիպված է լինելու պատասխանել քննությանը եւ հասարակությանը հուզող հարցերին»,-հայտարարել է Իվանիշվիլին:
Ինչպես հաղորդում է «Գռուզիա online»-ը, մայիսի 31-ին իր հեռուստաուղերձում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կոչ է արել կառավարությանը Անվտանգության խորհրդի համատեղ նիստ անցկացնել՝ կապված Հարավային Օսիայի հետ սահմանին ստեղծված վիճակի հետ:
Իր հերթին Բոկերիան հայտարարել է, որ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է վարչապետ Իվանիշվիլիի պատրաստակամությունը եւ այդ միջոցառումը չպետք է վերածվի կրկեսի:




























