Լեռնային Ղարաբաղի եւ Գորիսի բնակչությունը քննարկում է Երեւանում նախագահի նստավայրի դիմաց մեծ բողոքի ցույց անցկացնելու հնարավորությունը՝ կապված Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած աղմկահարույց սպանության հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բուդաղյան եղբայրների ազգականը եւ ավելացրեց, որ նախագահից պահանջելու են արդար դատաքննություն:
«Դա բնակչության պահանջն է, սակայն դեռ հստակ գործողություններ եւ օր չի հաստատվել»,- նշեց նա:
Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ իր լիազորությունները ժամանակավորապես վայր դնելուն, նա ասաց, որ ժամանակավոր հրաժարական չի լինում: « Սահմանադրության մեջ ժամանակավոր հրաժարականի օրենք չկա: Կամ հանում են աշխատանքից, կամ՝ ձերբակալում: Նա արձակուրդ չի գնում որեւէ վիրահատության հարցով: Նրան էլ պետք է կալանավորեն»,- ավելացրեց ազգականը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:
Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:




























