Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենատ Վլադիմիր Գասպարյանը, հունիսի 4-ին, ընդունել է Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Տրետյակովին, ակադեմիայի պետի օգնական Ալեքսանդր Բլինկովին եւ ակադեմիայի ուսումնական ընթացքի որակի եւ ուսումնական բաժնի պրակտիկայի պլանավորման եւ հսկողության բաժանմունքի տեսուչ Լյուբով Գրիգորյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Ոուսաստանի ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի եւ Հայաստանի ոստիկանության կրթահամալիրի միջեւ կնքվեց համագործակցության պայմանագիր, ըստ որի՝ կողմերը ղեկավարվելով 2008 թ. հունիսի 20-ի Ռուսաստանի ՆԳՆ եւ Հայաստանի ոստիկանության միջեւ կնքված համագործակցության մասին Համաձայնագրի դրույթներով, ձգտելով գիտության եւ կրթության բնագավառում փոխշահավետ համագործակցության զարգացման, ուսումնական հաստատությունների, ինչպես նաեւ ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների, գիտամանկավարժական եւ գիտական կոլեկտիվների միջեւ կապերի հաստատման նպատակով՝ պարտավորվեցին համագործակցել ամբիոնների միջեւ կրթության ոլորտի փորձի փոխանակման եւ մի շարք այլ հիմնական ու նպատակային ուղղություններով:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հյուրերը պարգեւատրվել են «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակ» հոբելյանական կրծքանշաններով:
Ռուսաստանի ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Տրետյակովը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ոստիկանության պետին խորհրդանշական հուշանվերներ հանձնել է եւ հպարտությամբ նշել է, որ Վոլգոգրադի ակադեմիայի շրջանավարտ Վլադիմիր Գասպարյանի լուսանկարը մինչ օրս փակցված է ակադեմիայի շրջանավարտների թանգարանի «Մեր հպարտությունը» պատվո տախտակին:

























