«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միշտ իշխանության մաս է եղել: Այդ մասին հունիսի 5-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Քրիստոնյա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Նրա գնահատմամբ, «Բարգավաճ Հայաստան»-ում որեւէ պառակտում չկա: «Ոչ ոք չի գնա կուսակցության առաջնորդի դեմ, ում միջոցներով իրենք գոյատեւում են: Եթե այդ ֆինանսները չլինեն, բոլոր անդամները պարզապես կցրվեն, քանի որ այդ կուսակցության հիմքը ֆինանսներն ու իշխանությունների աջակցությունն է»:

Նա նաեւ նկատել է, թե այդ ուժին ընդդիմություն ներկայացնելու փորձերը հանրության ուշադրություն շեղելու քաղաքական տեխնոլոգիա են. ««Բարգավաճ Հայաստանն» ազնվորեն ասում է, որ իշխանամետ է: Այն ժամանակ, երբ շրջանառվում են ԲՀԿ ընդդիմադիր լինելու թեմաները, վերջինս լռելյայն օգտվում է իշխանության բարեհամբույր վերաբերմունքից»:

Խոսելով ԲՀԿ-ի նկատմամբ Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշման մասին` Գիմիշյանն ասել է, թե «ԲՀԿ-ն ընդդիմություն դարձնելը քաղաքական որոշում է եղել», որի հետ իր կուսակցությունը համաձայն չէ: Այդ ամենը կուսակցությունը պառակտելու նպատակ է հետապնդել, ասել է նա` ընդգծելով, թե չի կարելի առաջնորդվել միայն հաշվարկներով, եւ դա պայքարի ամենաազնիվ ու անկեղծ մեթոդը չէ:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am