Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2012 թ. նշանակել է մոտ 244 մլն դրամի տուգանքներ; Այդ մասին այսօր՝ հունիսի 5-ին ՀՀ Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների շրջանակում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա դիտարկմամբ՝ զարմանալի զուգադիպությամբ դա հավասարազոր է հանձնաժողովի պահպանման բյուջետային ծախսերի մեծությանը:

Սակայն Ա. Շաբոյանը նշեց, որ իրենց համար տուգանքը ինքնանպատակ չէ, հաճախ բավարարվում են նախազգուշացնելով:

Անդրադառնալով ՀՀ Վերահսկիչ պալատի ուսումնասիրության արդյունքներին, ըստ որի՝ ՏՄՊՊՀ տուգանքների չափերը միշտ չէ, որ բավականաչափ հիմնավորված են, Ա. Շաբոյանն ասաց, որ Վերահսկիչ պալատը մեթոդաբանական խնդիրներ է բարձրացրել:

Իրականում, ըստ Ա. Շաբոյանի, օրենսդրության մեջ նշված են տուգանքներ նշանակելու չափանիշներ, ինչպես՝ խախտման կրկնակիությունը, ազդեցությունը մրցակցային միջավայրի վրա, տնտեսվարողի շրջանառությունը եւ այլն: Սակայն Ա. Շաբոյանը համաձայնեց, որ այդ չափանիշները լիարժեք ու ամբողջական չեն, այդ պատճառով համապատասխան փաստաթուղթ է ներկայացվել կառավարությանը, որտեղ տուգանքների չափանիշները հստակեցվել են: