Երկրում հնարավոր չէ պահպանել այն կայունությունը, որի մասին իշխանությունները խոսում են, քանի որ այն մահացու է: Այս մասին, այօսր՝ հունիսի 5-ին, տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում հայտնել է «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Սոս Գիմիշյանը:

Ըստ նրա` իշխանությունները ծառայում են ոչ թե ժողովրդին, այլ իրենք իրենց, երկրում ճգնաժամ է, եւ մի օր ժողովուրդը կարող է խախտել այս կարծեցյալ կայունությունը. «Մի օր ժողովրդի համբերության բաժակը կլցվի, եւ իշխանությունները կտապալվեն: Սակայն այս պահին իշխանությունները քաղաքական որոշում կայացնելու, ժողովրդին կոնսոլիդացնելու եւ իրական բարեփոխումներ կատարելու հնարավորություն ունեն: Սակայն նման ցանկություն իշխանությունների մոտ ես դեռ չեմ տեսնում, եւ դա բնական է, քանի որ ցանկացած փոփոխություն իրենց իսկ համար վտանգ է ներկայացնում»:

Միաժամանակ նա վստահություն հայտնեց, որ վերջիվերջո իշխանությունները ստիպված կլինեն փոփոխություններ անել, սակայն եթե նրանք ուշացնեն, դա կարող է վատ հետեւանքներ ունենալ:

Գիմիշյանը նաեւ նշեց, որ այս պահին ընդդիմությունը տապալված է: Նա ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները չպետք է ուրախանան ընդդիմության անհաջողություններով: «Եթե ընդդիմությունը թույլ է, ապա այդպիսին է նաեւ իշխանությունը: Ուրեմն մեզ մոտ համակարգը սխալ է գործում», - նշել է Ս. Գիմիշյանը` ավելացնելով, որ գործող իշխանությունների գործունեության արդյունքում որեւէ դրական տեղաշարժ չի եղել:

Ս. Գիմիշյանի գնահատմամբ` ընդդիմությունը նույնպես միշտ չէ որ անկեղծ է եղել մարդկանց հետ` նրանց կեղծ խոստումներ տալով. «Հայաստանի ընդդիմությունը առաջնորդների խնդիր չունի: Այսօր բնակչության 80-90%-ը ընդդիմադիր տրամադրություններով է համակված, իսկ ժամանակը ծնում է առաջնորդներին»: Նա վստահություն հայտնեց, որ ապագայում այդպիսի առաջնորդ կլինի: