Սննդի անվտանգության պետական ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադառնում է մի շարք խանութներում վնասակար ձվեր վաճառելու խնդրին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ի պատասխան հունիսի 4-5-ին ՀՀ լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկատվության այն մասին, որ Հայաստանի մի քանի մարզերում եւ Երեւան քաղաքի Չարբախ թաղամասի խանութներից մեկում վաճառվում են վնասակար ձվեր՝ ներքոնշյալ լուսանկարներով, եւ դրանք վնասակար են՝ հայտնում ենք, որ լուսանկարներում պատկերված ձվերի արտաքին տեսքի փոփոխությունները կարող են առաջանալ ածան հավերի մոտ նյութափոխանակության որոշակի խանգարումների արդյունքում, որոնք վարակիչ հիվանդություն չեն հանդիսանում եւ մարդու համար անվտանգ են:

Բացի այդ, համաձայն սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության՝ առանց համալիր լաբորատոր հետազոտությունների իրականացման, միայն մասնագետի զգայական հետազոտությամբ (դիտման միջոցով) սննդամթերքը, այդ թվում՝ ձուն, վտանգավոր կամ վնասակար ճանաչել չի կարելի:

Սակայն ձուն պետք է լինի մակնշված, մաքուր եւ առանց անորակության բացահայտ նշանների (ՀՀ կառավարության որոշումը «Ձվի եւ ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 29 սեպտեմբերի 2011 թվականի N 1438-Ն):

Եվ քանի որ, լուսանկարներից դատելով, ձվերի վրա առկա է մակնշման պահանջների խախտում, կոչ ենք անում ՀՀ բնակիչներին եւ զանգվածային լրատվության միջոցներին նման ձվերի հանդիպելու դեպքում անմիջապես հայտնել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը դրանց վաճառքի վայրի մասին՝ Ծառայության կողմից համապատասխան գործողություններ կատարելու համար»: