«Արծիվ» մահապարտների ջոկատի անդամ, ազատամարտիկ Վարուժան Զաքարյանի ընտանիքում վեցերորդ երեխայի՝ փոքրիկ Մանեի ծննդյան կապակցությամբ նրանց տուն է այցելել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով երեխայի ծննդյան կապակցությամբ, նա երեխայի մայրիկին՝ Անուշ Սարգսյանին է փոխանցել քաղաքապետարանի կողմից տրամադրված միանվագ դրամական աջակցությունը:
«Սա քաղաքապետարանի կողմից իրականացվող նմանատիպ հերթական միջոցառումն է, որի նպատակը ոչ միայն սոցիալական աջակցության ցուցաբերումն է, այլեւ երեք եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին ինքնատիպ զորակցություն հայտնելն ու ծնելիությունը խթանելն է»,- նշել է սոցիալական ապահովության վարչության պետը՝ հավելելով, որ նմանատիպ միջոցառումները շարունակական են, եւ աջակցությունը նման ընտանիքներին ցուցաբերվում է ոչ միայն դրամական, այլեւ պարենային եւ այլ ապրանքների տեսքով:
Քաղաքապետարանն աջակցություն է ցուցաբերել նաեւ Կարինե Արզումանյանին, ով միանգամից երկու զավակների մայր է դարձել: «Մեզ համար թեեւ անակնկալ էր այս այցը, սակայն մեր ընտանիքը մշտապես զգացել է քաղաքապետարանի ուշադրությունն ու աջակցությունը»,- նշել է Անուշ Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով անակնկալ աջակցության համար:
Երեք եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին ցուցաբերվող օժանդակության ծրագրի այս փուլում Երեւանի քաղաքապետարանի կողմից աջակցություն կցուցաբերվի շուրջ 70 ընտանիքի:




























