Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հունիսի 5-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու ոչ մի անհրաժեշտություն չի տեսնում, այդ պատճառով էլ վճռել է չմասնակցել դրան: Այս պահին նիստն ընթանում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի մոտ: 

ԱԽ-ի նիստը 2012թ. հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո գումարվել է առաջին անգամ: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոքերիան նախօրեին հույս էր հայտնել, որ Իվանիշվիլին կմասնակցի  նիստին: 

«Երեկ երեկոյան ժ. 19.00-ից հետո, ժողովի ընթացքում շտապ հայտարարություն ստացվեց, որ նիստ է նախատեսվում:  Որքանով ինձ հայտնի է, երկրում ոչ մի արտակարգ բան տեղի չի ունեցել ոչ երեկ, ոչ էլ նախորդ օրը:  Նիստ անցկացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Իմ օրակարգն արդեն  լրացված էր», - հայտնել է Իվանիշվիլին, որը հունիսի 5-ին ներկա էր գտնվել «Սոցիալ-դեմոկրատները՝ հանուն Վրաստանի զարգացման» կուսակցության համագումարին, հայտնում է  «Նովոստի Գռուզիան»:

Վարչապետը նաեւ նշել է, որ նիստին մասնակցելու են խորհրդարանի նախագահը, ներքին գործերի եւ ֆինանսների նախարարները: Վրաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները երկրում չեն, այդ պատճառով էլ նրանք չեն կարող մասնակցել նիստին, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին Իվանիշվիլին քննադատել էր Ազգային անվտանգության խորհրդի եւ անձամբ Բոքերիայի գործունեությունը՝ հայտարարելով, որ ինքը չի հասկանում, թե ինչի համար է վերջինս փող ստանում: 

Իվանիշվիլին չի հասկանում, թե ինչու է աշխատավարձ ստանում անվտանգության քարտուղարը: