Այսօր՝ հունիսի 5-ին, կայացել է ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր  3 հիմնական հարց:

«Կոմիտաս» փառատոնի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցել է նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

Նա մասնավորապես նշել է, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը, 2013 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին ծրագրել է իրականացնել  «Կոմիտաս» համահայկական փառատոնը, որը մեծապես կնպաստի ոչ միայն մշակութային ներուժի հայտնաբերմանը, նաեւ հայ մշակույթի շուրջ մեր ժողովրդի բոլոր հատվածների համախմբմանը:

Հայկական սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման մեխանիզմների ու տվյալների միասնական համակարգի ստեղծման ծրագրի  իրականացման, միջոցառումների կատարման  ընթացքի  մասին զեկուցումով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը:

Զեկուցողը խոսել է սփյուռքի ներուժի հաշվառման համար կարեւոր նշանակություն ունեցող՝ Սփյուռքի կառույցների ու անհատների վերաբերյալ ՀՀ սփյուռքի նախարարության էլեկտրոնային շտեմարանի մասին: Նա հավելել է, որ Սփյուռքի նախարարության էլեկտրոնային շտեմարանում այժմ մուտքագրված է սփյուռքահայ կառույցների ու անհատների 9142, որից՝ 6245 անհատի, 2897 կառույցի տվյալ:

Խոսելով նախարարության համահայկական համաժողովների մասին, Դ. Կարապետյանը մասնավորապես նշել է. «Համաժողովները կարեւոր են մասնագիտական կապերի հաստատման առումով, դրանց արդյունքում ստեղծված մասնագիտական ընկերակցությունների աշխատանքը չափազանց կարեւոր է այդ ներուժը ի նպաստ Հայրենիքի օգտագործելու ու ընդհանրապես աշխարհում հայկական ներուժի զարգացման առումով: Մասնագիտական ընկերակցությունների արդյունավետ գործունեության համար կենսունակ մեխանիզմների ստեղծումը պետք է այսուհետ եւս լինի Սփյուռքի նախարարության գլխավոր խնդիրներից մեկը»: 

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ԱՊՀ հայ համայնքների վարչության հաշվետվությունը ներկայացրել է ԱՊՀ հայ  համայնքների վարչության պետ Անդրանիկ Արշակյանը:

Ամփոփելով նիստը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է նախորդ ամսվա ընթացքում իրականացված միջոցառումները եւ խոսել առաջիկա ծրագրերի եւ անելիքների մասին: