Այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվել է Հրանտ Բագրատյանի հեղինակած «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» նախագիծը:
Այդ նախագծով առաջարկվում է 2014 թվականի հունվարի 1-ից հանքարդյունաբերության եւ արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների կապիտալում արգելել այն ընկերությունների մասնակցությունը, որոնք գրանցված են օտարերկրյա օֆշորներում, այդ ընկերություններին արգելել արտադրանքի վաճառքը օֆշորներում գրանցված ընկերություններին, արգելել հումքի, նյութերի, սարքերի, սարքավորումների, տեխնիկայի, տեխնոլոգիաների, ֆինանսական եւ այլ ծառայությունների գնումները օֆշորային ընկերություններից:
Հեղինակի գնահատմամբ՝ օրինագծի ընդունումը թույլ կտա հանքարդյունաբերության ոլորտում հասնել ստվերային տնտեսության շեշտակի կրճատմանը:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ոչ դրական տեսակետը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ կառավարությունը մշակում է մի նախագիծ, որում կկարգավորվեն նաեւ օֆշորի հետ կապված խնդիրները:
Հանձնաժողովը օրինագծի վերաբերյալ ներկայացրել է ոչ դրական եզրակացություն:
Նշենք, որ hetq.am-ն իր «Ովքե՞ր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածում գրել էր, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ:
Վարչապետն իր հերթին դիմել է դատախազություն այդ հոդվածի առնչությամբ: Վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ վարչապետը դատախազին ուղարկել է մայիսի 29-ին hetq.am-ում հրապարակված հոդվածի լուսապատճեն` խնդրելով ուսումնասիրել եւ քննության առնել հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները, միաժամանակ հայտնելով, որ երբեւէ Կիպրոսում կամ այլ օֆշորում կազմակերպություն չի գրանցել եւ որեւէ մեկին երբեւէ իր անունից կազմակերպություն գրանցելու լիազորագիր չի տվել:




























