ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որեւէ կերպ չէր կարող մասնակցել Գորիսում տեղի ունեցած դեպքի շուրջ քննարկումներին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունները` թե ԱԺ նախագահը պաշտպանել է Սուրիկ Խաչատրյանին:
«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով գտնվում է Լատվիայում: Հետեւաբար, ԱԺ նախագահը որեւէ կերպ չէր կարող մասնակցել Գորիսում տեղի ունեցած դեպքի շուրջ քննարկումներին: Վերոհիշյալ հրապարակման մեջ տեղ գտած՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին վերաբերող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Պողոսյանը:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, թե «այդ թեմայով ներկուսակցական քննարկում է եղել: Լիսկային պաշտպանելու որոշման հետեւում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, որի հետ Սուրեն Խաչատրյանն ընդհանուր տնտեսական շահեր ունի: Մարզպետին փուռը տալու կողմնակից է եղել Ֆլեշ Բարսեղը, նույն ինքը՝ Բարսեղ Բեգլարյանը: Սյունիքի մարզպետի աթոռին նա ուզում է տեսնել պղնձամոլիբդենայինի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդուն՝ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին: Սակայն հաղթել է այն տեսակետը, թե Զանգեզուրը ռազմավարական մեծ նշանակություն ունեցող տարածաշրջան է, եւ Մաքսիմի որդին, ազնիվ եւ նվիրյալ ՀՀԿ-ական լինելով հանդերձ, այնուամենայնիվ, թույլ գործիչ է նման մարզը ղեկավարելու համար: Լիսկային դեմ է արտահայտվել նաեւ Էդուարդ Շարմազանովը»,- գրել էր թերթը:




























