Հայաստանը պետք է դուրս գա բանակցային գործընթացից եւ իր տեղը զիջի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Այդ մասին հունիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

Նրա խոսքով, Ղարաբաղին պետք է տրվի ինքնուրույն արտաքին քաղաքականություն ձեւավորելու հնարավորություն: «Այն բանից հետո, երբ Ղարաբաղը դառնա միջազգային իրավունքի սուբյեկտ, ինքը կորոշի` որ ուղղությամբ վարի արտաքին քաղաքականությունը: Մենք պետք է օգտվենք մեծ տերությունների շահերի բախումից»,- ասել է գլխավոր մարքսիստը` ընդգծելով, որ հենց դրանում է կայանում հայկական դիվանագիտության խնդիրը:

Մյուս կողմից, նա կարծիք է հայտնել, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող լինել բանակցությունների առարկա: «պատերազմ հրահրած եւ պարտություն կրած կողմը չի կարող բանակցող կողմ լինել»,- ասել է Հակոբյանը եւ հավելել, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր դերը որպես հակամարտության կարգավորման դիվանագիտական բանալի:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am