Ստամբուլի «Գեզի» այգու պահպանության համար դիմակայության դուրս եկած Թուրքիայի քաղաքացիները Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչի հետ հանդիպումից հետո ներկայացրել են իրենց պահանջները։

Թուրքական Vatan պարբերականի փոխանցմամբ՝  ակտիվիստ քաղաքացիներից կազմված եւ «Թաքսիմի համերաշխություն» անունը կրող խմբի անդամները ներկայացրել են իրենց պահանջները.

«Գեզի» այգին պետք է մնա որպես այգի։ Իշխանությունները պետք է պաշտոնապես հայտարարեն, որ այգին չի վերածվելու այլ կառույցի։

Պետք է դադարեցվեն Աթաթուրքի անվան մշակույթի կենտրոնի քանդման հետ կապված նախաձեռնությունները։

Պետք է արգելվեն արցունքաբեր գազով ռումբերի եւ նմանատիպ այլ նյութերի գործածումը։

Պետք է մայիսի 1-ին Թաքսիմի հրապարակում եւ Թուրքիայի բոլոր հրապարակներում թույլատրվի ցույց, ակցիա իրականացնել։

Պետք է ազատ արձակվեն Թուրքիայի ողջ տարածքում «Գեզի» այգու դիմակայությանը մասնակցած բոլոր ձերբակալվածները եւ պաշտոնապես հայտարարվի, որ նրանց դեմ հետաքննություն չի իրականացվի։

Նշենք, որ Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են «Գեզի» այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածում շինություն կառուցելու եւ ճանապարհ դարձնելու համար, ինչին դեմ են դուրս եկել մի շարք արվեստագետներ, պատգամավոր եւ հասարակական գործիչներ։ Այդուհանդերձ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է եւ այգին քանդվելու է։

Մայիսի 31-ի առավոտյան ոստիկանությունը դաժան մեթոդներով ցրել է այգում հերթապահություն անող քաղաքացիներին: Սա մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Ստամբուլում, այլ ամբողջ Թուրքիայում` առիթ դառնալով լայնամասշտաբ բախումների: