Օգոստոսին Հայաստանում 2-րդ անգամ կանցկացվի դայվինգի փառատոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Այաս» ակումբի նախագահ Կարեն Բալայանը:
«Այս տարի արդեն այնքան ցանկացողներ կան, որ ստիպված ենք սահմանափակումներ մտցնել: Մենք չենք կարող բոլորին ընդունել», - նկատել է Կարեն Բալայանը: Հիշեցնենք, որ առաջին նմանատիպ փառատոնը Հայաստանում տեղի էր ունեցել անցած տարի Սեւանա լճում:
Ակումբը գործունեություն է ծավալում մի քանի ուղղություններով, այդ թվում` ուսուցողական, ինչպես նաեւ դայվինգի ուսուցում եւ նավասպորտ: Այս պահին կառուցվում է բազա եւ նավակայան, որտեղ ապագայում իր խարիսխը կգցի «Կիլիկիա» նավը: Բազայի կառուցումը կրթական ծրագրերով զբաղվող «Այբ» հիմնադրամի հետ համագործակցության արդյունք է: «Արդեն աշակերտների մի քանի էքսկուրսիաներ են տեղի ունեցել: Իսկ մեկ տարի առաջ աշխատանքներ են տարվել «Լույս» հիմնադրամի հետ, սկսվել է ավելի քան 100 աշակերտների ուսուցում», - ասել է Կ. Բալայանը` ավելացնելով, որ առայժմ ուսուցումը հետաձգվում է, քանի որ չկա բազա:
«Դպրոցի տարածքը լավն է, սակայն սովորողներին գործնական աշխատանքներ են պետք: Նավասպորտում տարիքային սահմանափակումներ չկան: Միայն շատ փոքրիկներին չենք վերցնում: Օրինակ, 1972թ Ֆրենսիս Չիչեստրը միայնակ շրջել է երկրագնդի շուրջը:





























