Այսօր՝ հունիսի 5-ին, տեղի է ունեցել Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահել է ԱԱԽ քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 15-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստան-Եվրամիություն համագործակցության վերջին զարգացումների եւ կարեւորագույն ձեռքբերումների ներկայացում, մասնավորապես` ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների, ինչպես նաեւ արդարադատության, ազատության եւ անվտանգության ոլորտներում իրականացվող  գործընթացների ուղղությամբ, ինչպես նաեւ ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի` 2013թ. 1-ին կիսամյակի կատարողականի ամփոփում` հստակեցնելով ցանկով նախատեսված գործողությունների կատարման ընթացքը եւ դրանց ավատին հասցնելու ժամկետներն ու հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել նաեւ մարտի 20-ին Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված «Հայաստանի առաջընթացի մասին» զեկույցում արձանագրված գնահատականներին:

Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Ըստ Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակված Հայաստանի` 2012թ. առաջընթացի մասին զեկույցի` առաջընթաց է գրանցվել Հայաստանի համար կարեւորագույն գրեթե բոլոր ոլորտներում: Միաժամանակ, զեկույցում նշվում են թերություններ, արվել են նաեւ առաջարկներ, որոնց իրականացումը կարեւոր է ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման համար: Զեկույցում նշվում է, որ Հայաստանն իրականացրել է նախորդ տարվա գնահատման զեկույցում ներկայացված առաջարկությունների հիմնական մասը»:

Արթուր Բաղդասարյանը կարեւորել է, որ բոլոր գերատեսչությունները նախատեսված միջոցառումները կատարեն սահմանված ժամկետներում:

Բանակցությունների օրակարգում ընդգրկվել են մաքսատուրքերի եւ ապրանքացանկերի, առեւտրի տեխնիկական խոչընդոտների, մտավոր սեփականության պաշտպանության, աշխարհագրական նշումների, սանիտարիայի եւ բուսասանիտարիայի, ինչպես նաեւ եվրոպական նորմերի դիրեկտիվների ընդունման ժամանակացույցի, նորմերի կիրառմանն առնչվող պարտավորությունների եւ փոխադարձ համաձայնությունների հետ կապված հարցեր։

Ապագա համաձայնագրի առանցքային խնդիր է համարվում  մաքսատուրքերի հարցը։ Ազատ առեւտրի շրջանակներում նախատեսվում է, որ Հայաստանը փոխադարձաբար պետք է զրոյացնի եվրոպական կողմի հետ գործող մաքսատուրքերը։ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ժամանակ Հայաստան ներմուծվող եվրոպական ապրանքներից այլեւս չեն գանձվելու մաքսատուրքեր, ինչը վերաբերում է նաեւ հայկական ծագում ունեցող ապրանքներին` եվրոպական 27 անդամ երկրներ արտահանելիս։

Ապրանքատեսակները հիմնականում վերաբերում են գյուղատնտեսական, սննդի վերամշակման ապրանքներին: Միաժամանակ,  ցանկում կան այնպիսի արդյունաբերական ապրանքներ, որոնք ներկայումս արտադրվում են Հայաստանում եւ արտադրությունը զարգացնելու ներուժ ունեն:

Հանձնաժողովի նիստում արձանագրվել է, որ Ասոցացման համաձայնագրի հիմնական գլուխները համաձայնեցված են:

Նիստում Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները հանդես են եկել իրենց գերատեսչությունների մասով կատարված աշխատանքների մասին զեկույցներով

Միջգերատեսչական հանձնաժողովն արձանագրել է, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրման մասով բավականին առաջընթաց կա, աշխատանքները նորմալ տեմպերով իրականացվում են, ինչն էլ հիմք է տալիս ենթադրել, որ 2013թ. վերջին համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման: