Թուրքագետները կանխատեսում էին, որ Թուրքիայի դեպքերը Ադրբեջանին նույնպես կվնասեն, գոնե այն պատճառով, որ այս 2 պետությունները գործընկերներ են, ղարաբաղյան հակամարտության հարցում էլ պաշտոնական Ստամբուլը կանգնած է Բաքվի կողքին: Ընդ որում, Ադրբեջանում մարդիկ աղքատ են ապրում, եւ նրանց միայն առիթ է պետք բողոքներ իրականացնելու համար: Այս մասին գրվում է Ուկրաինայի «Կոմսոմոլսկայա պրավդայի»` Թուրքիայի դեպքերը լուսաբանող մի հոդվածում:
Թերթը գրում է, որ Ստամբուլում ցուցարարները ներկայացնելով իրենց վերջին պահանջները` Ադրբեջանի դեմ կոչերով ցուցապաստառներ են բերել. «Ալիեւ հերթը քոնն է»: Երիտասարդները բարձրացել են մեքենայի վրա եւ վանկարկել այդ կոչը, որը տարածվել է ողջ հրապարակով մեկ:
Փորձագետները չեն բացառում, որ 3-4 տարի անց Հարավային Կովկասը քաղաքականապես կփոխվի: Եվ Հայաստանում, որը սահմանակից է Թուրքիային ու Ադրբեջանին, այս մասին մշտապես խոսվում է, գրում է թերթը եւ մեջբերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որոնք ասվել էին նախօրեին՝ Անվտանգության խորհրդի նիստում:
«Շարժվելով դասական բռնապետության կանոններով՝ այդ երկրի իշխանությունները զբաղված են միայն սեփական ժողովրդին հայկական թշնամու կերպարի հրամցմամբ, գարշահոտ պատկերացումներ տարածելով մեր մասին: Մինչդեռ հենց Ադրբեջանում դրված հասարակական-քաղաքական եւ տնտեսական ականներն են սպառնում պայթել եւ պայթել շատ արագ ու կարծես՝ միաժամանակ»:
Ըստ որոշ տվյալների՝ Թուրքիայում բողոքի ցույցի մասնակիցները, որոնք հակաալիեւյան կոչեր էին աղաղակում, ազգայնական «Մուսավաթ» կուսակցության կողմնակիցներ են: Այն Ադրբեջանում գոյություն է ունեցել 1911-1920թթ.: Դրա իսկության մասին պաշտոնական հաստատում չկա: Ադրբեջանի իշխանությունները չեն արձագանքել Թուրքիայի ցույցի ժամանակ դեպքերի նոր շրջադարձին: Հավանաբար, իրավիճակը կհստակեցվի Էրդողանի ժամանումից հետո, գրում է թերթը:




























