Հայաստանն աստիճանաբար կազատականացնի իր օդային տարածքը՝ զուգահեռ նպաստելով հայրենական ավիաընկերությունների հաստատմանը շուկայում: ՀՀ կառավարությունն այսօր՝ հունիսի 6-ին ընդունեց ՀՀ օդային փոխադրումների բնագավառի ազատականացման հայեցակարգը:
ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը լրագրողների հետ հանդիպխման ժամանակ ասաց, որ կառավարությունը մտադիր չէ հովանավորել տեղական ավիաընկերություններին, նրանց համար բացառիկ պայմաններ չեն ստեղծվի: Սակայն դեռ վաղ է խոսել բաց երկնքի քաղաքականության անցնելուն, քանի դեռ տեղական ավիաընկերությունները չեն հաստատվել շուկայում:
Նախատեսվում է 3 ուղղություններով մրցույթ անցկացնել, ու հնարավորություն տալ 3 տեղական ավիաընկերությունների՝ չվերթներ իրականացնել որոշակի ուղղություններով: Առաջին ուղղությունը ներառում է ԱՊՀ քաղաքները, երկրորդ ուղղությունը՝ Եվրոպան, երրորդը՝ Մերձավոր Արեւելքը: Բացի այդ՝ բոլոր երեք ավիաընկերություններին հնարավորություն կտրվի դեպի Մոսկվա չվերթ իրականացնել: Թույլտվությունները տրվելու են 5 տարի ժամկետով:
Ըստ Ա. Մովսիսյանի՝ Հայաստանում հիմա էլ կան ավիափոխադրողներ, որոնք փորձառություն ունեն, լավ մենեջմենթ ունեն, դաշտն էլ հետաքրքիր է նրանց համար:




























