Ռուսաստանից Վրաստան եւ հակառակ ուղությամբ բեռնափոխադրման երթուղիները կարող են ավելանալ, սակայն այս պահին Կազբեկի- Վերին Լարս անցակետը լիովին բավական է: Այս մասին հունիսի 5-ին Պրահայում Վրաստանի վրաչապետի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Կարելի է մտածել Կովկաս նավահանգստով, ռուս-ադրբեջանական սահմանին գտնվող Սամուր անցակետով անցնող նոր երթուղիների հեռանկարի մասին: Բայց դա ապագայում», - նշել է նա:

Զրույցի ընթացքում կողմերը հաստատեցին, որ մայիսին սկսել է վրացական հանքային ջրի ներմուծումը Ռուսաստան, իսկ հունիսին սպասվում է նաեւ վրացական գինիների ներկրում: Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ մոտ ժամանակներում կսկսվեն երկու պետությունների միջեւ կայուն օդային եւ ցամաքային հաղորդակցության վերականգնման բանակցությունները:

Հանդիպման արդյունքում Գ. Կարասինը նշել է, որ Մոսկվան պատրաստ է Թբիլիսիի հետ դիվանակգիտական հարաբերությունները վերականգնելու, սակայն ամեն ինչ կախված է վրացական կողմից: «Մենք չենք խզել Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները: Մենք պատրաստ ենք դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու, սակայն ամեն ինչ կախված է այդ խզումը նախաձեռնողից»,- ասել է նա, եւ այս մասին հայտնում է InfoRos-ը:

Գ. Կարասինը լրագրողներին նաեւ հայտնել է, որ Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանին փշալարերվ սահմանազատման փաստը Վրաստանի կողմից օգտագործվում է այդ հարցի շուրջ լարվածություն ստեղծելու նպատակով: