Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման համար կտրվեն հարկային արտոնություններ: ՀՀ կառավարությունն այսօր՝ հունիսի 6-ին հավանության արժանացրեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած տեղեկանքի՝ Դիլիջանի միջազգային դպրոցում 550 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարվելու, որից 150 մլն նախատեսվում է ներդնել դպրոցի շենքի կառուցման եւ անհրաժեշտ գույքային միջոցների ձեռքբերման ուղղությամբ, իսկ շուրջ 400 մլն` գործառնական ծախսերի ու դպրոցի հետագա զարգացման ուղղությամբ: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ներդրվել է 20 մլն դոլար:
Ակնկալվում է, որ կրթահամալիրի ստեղծումն իր հերթին կնպաստի տարածաշրջանում նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության մակարդակի կրճատմանը, զբոսաշրջության զարգամանը: Մասնավորապես, ակնկալվում է, որ ծրագրի շրջանակներում Դիլիջան քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը կուղղվի 60-70 մլն ԱՄՆ դոլար, տարածաշրջանում ապրանքների արտադրության եւ ծառայությունների մատուցման ծավալը տարեկան կտրվածքով կաճի 10-12 տոկոսով, մինչեւ 2020 թ. տեղական բյուջեի տարեկան մուտքերը կկազմեն շուրջ 1 մլն դոլար, գործազրկության մակարդակը կկրճատվի մինչեւ 12 %, աղքատության մակարդակը` մինչեւ 11 %, օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակը կհասնի 35 հազարի:
Հիշեցնենք, որ նման դպրոցի ստեղծմանը դեմ է հանդես գալիս «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների ստեղծմանը» նախաձեռնությունը, որի անդամները նշում են, որ հայ երեխան իր հայրենիքում պետք է բացառապես հայկական կրթություն ստանա, միաժամանակ հիմնավորապես սովորելով երկու եւ ավելի օտար լեզուներ:




























