Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 6-ին, աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության նախագահն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց, ծանոթացել միջազգային չափանիշներին համապատասխան եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցվող կրթական այդ հաստատության շինարարության ընթացքին, առկա խնդիրներին, իրականացվող մեծածավալ ներդրումներին եւ դպրոցի ուսումնական ծրագրերի մշակման աշխատանքներին:
Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը հոգաբարձուների խորհրդի անդամներ, դպրոցի նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի եւ դպրոցի ծրագրի ներդրողներից Գագիկ Ադիբեկյանի հետ ջրել է դեռեւս 2010թ. ապրիլի 9-ին ի նշանավորումն «Հայաստանում Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի մեկնարկի իր տնկած ծառը: Այնուհետեւ նախագահն աշխատանքային քննարկում է ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրների, հոգաբարձուների խորհրդի անդամների եւ պետական համապատասխան պաշտոնյաների հետ`դպրոցի, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ Դիլիջան քաղաքի զարգացման, քաղաքաշինական եւ ընթացիկ կարեւոր ու հեռանկարային այլ հարցերի շուրջ:
































