Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր՝ հունիսի 6-ին, ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին:
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ` ԱԱԽ քարտուղարը շնորհավորել է դեսպանին եւ մաղթել հաջողություն:
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը, լինելով ռազմավարական գործընկերներ, ակտիվ գործակցում են տարբեր ուղղություններով: Սերտ գործակցություն կա նաեւ երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջեւ:
Կողմերն արձանագրել են, որ հայ-ռուսական հարաբերությունները տարեցտարի խորանում են տնտեսական, քաղաքական, ռազմա-տեխնիկական, ինչպես նաեւ բազմաթիվ այլ ոլորտներում: Հաջողությամբ է զարգանում համագործակցությունը ՀԱՊԿ, ինչպես նաեւ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում:
Դեսպան Վոլինկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ բարեմաղթանքների համար եւ վստահեցրել, որ կանի առավելագույնը` բոլոր բնագավառներում բարձր մակարդակի հայ-ռուսական փոխգործակցությունը առավել ամրապնդելու եւ խորացնելու համար:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























