Մայիսի 26-ից հունիսի 2-ը ՌԴ Փորձաքննության քաղաքային կենտրոնի կողմից կազմակերպված 11-րդ միջազգային համաժողովի նիստին եւ արդյունաբերական անվտանգության գիտագործնական միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԻ նախարարի հրամանով Սանկտ Պետերբուրգ էր գործուղվել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը:

Հայկական պատվիրակությունը երկրորդ անգամ էր մասնակցում համաժողովին: Ներկա էին շուրջ 15 երկրի ավելի քան 200 մասնագետներ, փորձագետներ, արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձանց անվտանգության պատասխանատուներ, ձեռնարկությունների տնօրեններ, ինչպես նաեւ պետական մարմինների ներկայացուցիչներ:

Ներկայացվեցին արդյունաբերական անվտանգության տարբեր ուղղությունների վերաբերյալ գիտագործնական զեկույցներ, անվտանգության ապահովման նորարարական մեխանիզմներ, մեթոդներ, համապատասխանության գնահատման խնդիրներ ու նոր մոտեցումներ:

Համաժողովի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ անցկացվեցին համաժողովի մասնակիցների հետ, քննարկվեցին արդյունաբերական անվտանգության արդի հարցերը, տարբեր երկրներում դրանց յուրահատկությունները եւ լուծման կիրառվող մեթոդները:

Հատկանշական է, որ համաժողովի ընթացքում ներկայացված զեկույցները, քննարկումները, հանդիպումներն ու շփումները մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ արդյունաբերական անվտանգության խնդիրներին եւ դրանց լուծման հնարավոր ուղղիներին նորովի նայելու եւ պատկերացնելու հնարավորություններ ընձեռեցին, ինչն էապես կնպաստի Հայաստանում ոլորտի խնդիրների լուծմանը, աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանը, մասնավոր հատվածի խնդիրները հնարավորինս ամփոփ պատկերացնելուն, դրանց արձագանքելուն եւ գործընկերային հարաբերություններ ստեղծելուն` ուղղված հանրապետությունում տեխնիկական անվտանգության մակարդակի բարձրացման շարունակականության ապահովմանը:

Նիստի մասնակիցների միջեւ տեղեկատվություն փոխանակվեց, արդյունաբերական անվտանգության նկատմամբ պետական հսկողության իրականացման մեթոդների, մասնակից պետություններում տեղի ունեցած տեխնածին վթարների, արդյունաբերական անվտանգության ապահովման համար կիրառվող գործողությունների վերաբերյալ:

Նիստի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին երկկողմանի համագործակցության հաստատման եւ խորացման շուրջ: