Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հունիսի 7-ին կառավարության շենքում հանդիպել է Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկների հետ: վարչապետի հետ հանդիպմանը մասնակցել են հինգ ազատամարտիկներ` քննարկելու իրենց հուզող խնդիրները:

Նշենք, որ ազատամարտիկները տեւական ժամանակ բողոքի ակցիաներ են անում` արցախյան ազատամարտի մասնակիցների սոցիալական խնդիրները լուծելու պահանջով, նրանք նաեւ 13 կետից բաղկացած փաթեթ են ներկայացրել` պահանջելով թոշակների բարձրացում,  կոմունալ ծախսերի զեղչեր, բժշկական ապահովագրություն եւ այլն: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Հանդիպումից հետո ազատամարտիկները հայտնել են, թե վարչապետին տեղեկացրել են իրենց հուզող խնդիրների մասին: Նրանք վարչապետին ներկայացրել են ազատամարտիկների սոցիալական վիճակը, կարիքի մեջ գտնվող ազատամարտիկների թիվը: Կառավարության ղեկավարը կոնկրետ որեւէ բան չի խոստացել, հանձնարարականներ է տվել սոցիալական հարցերի նախարարին: Հանդիպման մասնակիցների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ ամսից հանդիպել եւ քննարկել արդյունքները: